ՄԵՐ << ՄՇՏԱԿԱՆ ԸՆԿԵՐ >> ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

11:17 - 13 Հուն, 2022

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի խմբային մրցաշարի երրորդ փուլի ծրագրով Ուկրաինայի ընտրանու հետ հանդիպումն  անցկացրեց Լեհաստանի Լոձ քաղաքում:

Առաջին խաղակեսում դարպասները մնացին անառիկ:

Ընդմիջումից հետո ուկրաինացիները տարածքային առավելությունը վերածեցին նաև խաղայինի և խոշոր ՝ 3 : 0 հաշվով հաղթեցին:

Նախորդ  խաղում, Գլազգոյում, շոտլանդացիների դեմ հետխաղյա մամուլի ասուլիսում, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Կապառոսն ասաց, որ Հայաստանի ֆուտբոլիստների պարտության հիմնական պատճառը ընդհանուր թույլ ֆիզպատրաստականությունն էր:Այս անգամ նույնպես, Կապառոսը գրեթե նույնն  ասաց: Ստույգ՝  ուժասպառված Բայրամյանն ինքն է դիմել  փոխարինման համար, իսկ Էդգար Բաբայանը իր թիմում սովոր չէ խաղալ . . .   90 րոպե:

Ամեն բանից անկախ, ֆուտբոլիստների անբավարար ֆիզպատրաստականության համար մեղավոր  են հատկապես ակումբային թիմերի  և ֆուտբոլի դպրոցների ղեկավարներն  ու մարզիչները:

Տեղացի ֆուտբոլիստների ֆիզիկականի համար արդարանալու հիմք չունեն պատանեկան ֆուտբոլի պատասխանատուները: Ասածը վկայում են մեր պատանեկան ու երիտասարդական թիմերի ձախողումները միջազգային մրցաշարարերում:  Ահավասիկ, հենց երեկ, Երևանում անցկացված Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի վերջին տուրի հանդիպումը Ուկրաինայի թիմի հետ / 0 : 2 /:

Այսպիսով, Հայաստանի երիտասարդականը   խմբային փուլն ավարտեց երեք միավորով: Անցկացրած  տասը  խաղում  մեր թիմը խփեց  յոթ գոլ, սեփական դարպասում  ընդունելով  28-ը: Հասկանալի է, որ մերոնք  եզրափակեցին  մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:

Հետադարձ հայացք ձգենք: Հիշենք, <<  Կաշվե գնդակ >>  անվանումով համամիութենական պատանեկան առաջնությունները: Հայաստանի ֆուտբոլիստները, եթե չենք սխալվում , չեմպիոն են դարձել 14 անգամ: Հենց  նրանցով են համալրվել  ԽՍՀՄ առաջնություններում հաջողության հասած մեր թիմերը:  

Այն տարիներին,  պատանեկան թիմերում,  նպատակամղված աշխատանքներ են կատարել մեր նշանավոր շատ վարպետներ, իսկ հիմա  . . .

Վիճակը խորհելու տեղիք է տալիս:

Վերջում նշենք, որ Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում, Հայաստանի հավաքականը վաղը ՝  հունիսի 14-ին, Երևանում կընդունի Շոտլանդիայի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: 

 

Այլ նորություններ